Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝  թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն:

«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որը ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար,- ասաց Փաշինյանը: