2020 թվականի իրադարձություններից հետո հատուկ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանում տեղի ունեցող միգրացիոն գործընթացներին։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը ներկայացնելիս ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանում հայկական սփյուռքը զգալիորեն ավելացել է եւ, տարբեր գնահատականներով, մոտ 2.5 միլիոն մարդ է կազմում։ Դա, ինչպես նշեց փորձագետը, համեմատելի է Հայաստանի բնակչության հետ։ Ընդ որում, Բելառուսում եւ Ղազախստանում սփյուռքը մոտավորապես 30 հազար մարդ է կազմում:

«Սփյուռքի աճը եւ այդ երկրներում կենսամակարդակի բարձրացումն ազդում են Հայաստանից դեպի այդ երկրներ միգրացիայի աճի վրա։ Ընդ որում, մեկ շնչինբաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությամբ Հայաստանն ավելի քան երկու անգամ զիջում է նույն Ռուսաստանին։ Միգրացիայի վրա հատկապես բացասաբար է ազդում գործազրկության մակարդակը»,- ​​ասաց պրոֆեսորը։

Նա նշեց, որ Հայաստանում գործազրկության փաստացի մակարդակն ավելի քան 3 անգամ գերազանցում է գործազրկության մակարդակը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում:

«Դա, իհարկե, մեծացնում է Հայաստանի բնակիչների՝ այդ երկրներ գաղթելու ցանկությունը։ Ավելին, ԵԱՏՄ երկրներում, նախապես ստորագրված համաձայնագրի համաձայն, ապահովվում է աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժը։ Համեմատաբար ցածր միջին աշխատավարձի համեմատ՝ աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայությունը միգրացիայի աճի է հանգեցնում»,- ասաց կենտրոնի ղեկավարը։

Հայաստանի համար աշխատանքային միգրացիան, այդ թվում՝ «ուղեղների արտահոսքը», պայմանավոում է ե՛ւ բացասական սոցիալական հետեւանքները՝ բարձր որակավորում ունեցող կադրերի եւ նրանց վերապատրաստման համար ծախսվող միջոցների կորուստ անդառնալի միգրացիայի դեպքում, ե՛ւ դրական. ռեմիգրացիայի դեպքում միգրանտները օտարերկրյա փորձ են ստանում, սովորում են արդյունավետ ծրագրերով եւ կատարելագործում են իրենց հմտությունները։ Բացի այդ, բարելավվում է աշխատանքային միգրանտների ընտանիքների ֆինանսական վիճակը, նվազում է լարվածությունն աշխատաշուկայում:։

«Այսպիսով, ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի ձեւավորումն անդամ երկրներում աշխատուժի ներուժի ավելացման, աշխատողների հնարավորությունների ընդլայնման եւ մրցունակության բարձրացման կհանգեցնի»,- համոզված է Թավադյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, ստեղծված իրավիճակը նպաստում է միգրացիոն գործընթացների ակտիվացմանը: Ընդ որում, իրավիճակը տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում է:

«Հայաստանում համավարակից եւ պատերազմական իրավիճակից հետո բնակչության արտահոսքն ակտիվացել է. ԵԱՏՄ-ն Հայաստանի համար, հատկապես՝ վերջին շրջանում, զգալիորեն մեծացրել է միգրացիոն գրավչությունը»,- նշեց պրոֆեսորը։

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար բացված հեռանկարները կարող են դրական ազդեցություն ունենալ ինչպես երկրի տնտեսական ներուժի աճի, այնպես էլ միգրացիոն սալդոյի վրա։ Դա, ըստ փորձագետի, միգրացիայի վրա ազդող առանցքային գործոն է։