Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անց է կացվում «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանը:

Բացման խոսքով հանդես եկավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ողջունեց կլոր սեղանին մասնակցող հյուրերին:

Վերջինս ընդգծեց, որ ամեն անգամ, երբ Արա Աբրահամյանը լինում է Հայաստանում անպայման գիտական միջոցառումներ է կազմակերպում.

«Ամեն անգամ, երբ ինչ-որ առիթով Արա Աբրահամյանը լինում է Հայաստանում, պարտադիր գիտությանն առնչվող միջոցառումներ է կազմակերպում: Մեր համագործակցությունը 25 տարվա պատմություն ունի: Անկախացումից հետո մինչ օրս գիտությունը մեծ դժվարություններ է ունեցել: Ֆինանսավորումը թույլ չի տալիս պահպանել գիտության զարգացման նույն տեմպը, որը եղել է խորհրդային տարիներին», – ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ այս տարի պետբյուջեից գիտությանը ՀՆԱ-ի 0,29 տոկոսն է հատկացվել, իսկ հաջորդ տարի թիվը նվազելու է՝ հասնելով 0,25 տոկոսի:

«Իսրայելը, օրինակ, գիտությանը հատկացնում ՀՆԱ-ի 4 տոկոսը: Հենց այս դժվարություններն են ստիպում գիտական կազմակերպություններին ֆինանսավորման այլ ուղիներ փնտրել», – հավելեց ՀՀ ԳԱԱ նախագահը: