Անդրատլանտյան առեւտրային պատերազմի սպառնալիքը ծանրանում է Դավոսի վրա, հայտնում է CNBC-ն։

Անդրատլանտյան առեւտրային լարվածության հարցերն այս շաբաթ գերակշռել են Համաշխարհային տնտեսական ֆորումում: Մի կողմից, եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ավելի շատ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն եվրոպական ընկերություններին: Մյուս կողմից, գործարար համայնքը ոգեւորված է ԱՄՆ-ում «կանաչ» սուբսիդիաներից եւ պնդում է, որ ԵՄ-ն պետք է համապատասխանի նրան, ինչ անում է ԱՄՆ վարչակազմը: Ի վերջո, ճնշումը եվրոպական կառույցների վրա է, բայց հարցն այն է, թե որքան հեռու են նրանք պատրաստ գնալ:

Ամեն ինչ սկսվել է նախագահ Ջո Բայդենի լայնածավալ օրենքից՝ Գնաճի նվազեցման մասին ամերիկյան օրենքից: Այն հաստատվել է օգոստոսին եւ նախատեսում է կլիմայական եւ էներգետիկ քաղաքականության ավելի քան 300 միլիարդ դոլար ծախսեր:

Ծրագիրը լավ չի ընդունվել Եվրոպայում, քանի որ այն հարկային արտոնություններ է նախատեսում, եթե սպառողները գնում են Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլներ:

Եվրոպացիներին անհանգստացնում է այն, որ հաստատությունները ներդրումներ կանեն ԱՄՆ-ում, այլ ոչ թե Եվրոպայում, որպեսզի կարողանան հավակնել զանգվածային հարկաբյուջետային աջակցությանը: Եվ նրանք գնացել են այնքան հեռու, որ հայտարարել են, թե ամերիկյան օրենսդրությունը խախտում է միջազգային առեւտրի կանոնները։

«Սա փիղ է ամանեղենի խանութում… այն ցնցել է Եվրամիությունը, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության եւ նույնիսկ արդյունաբերության քննարկումները»,- ասում է Solvay քիմիական ընկերության (գլխավոր գրասենյակը Բելգիայում է) գլխավոր տնօրեն Իլհամ Կադրին:

ԵՄ-ն ակտիվ լոբբինգ է իրականացրել, որպեսզի եվրոպական ընկերությունները կարողանան օգտվել որոշ հարկային արտոնություններից՝ առանց տեղափոխվելու անհրաժեշտության:

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որը թույլ կտա ԵՄ ընկերություններին ստանալ որոշակի վարկեր՝ առանց փոխելու իրենց բիզնես մոդելները:

Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք այլ փոփոխություններ կկատարվեն, այստեղից էլ եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների միջեւ շարունակվող խոսակցությունները։

«Մենք անպայման պետք է խուսափենք առեւտրային կամ սուբսիդավորման պատերազմից։ Միեւնույն ժամանակ մենք պետք է պահպանենք մեր մրցունակությունը»,- CNBC-ին ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

Այս շաբաթվա սկզբին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել էր, որ ԵՄ-ն պետք է դասեր քաղի ԱՄՆ օրենքներից եւ բարեփոխի իր արդյունաբերական քաղաքականությունը:

Պողպատաձուլական  ընկերության գլխավոր տնօրեն Ադիտյա Միտալը Դավոսում կայացած միջոցառման ժամանակ ասել է. «Մենք պետք է հետ բերենք այս արդյունաբերական մտածելակերպը»:

«IRA-ի համապատասխանությունը գրեթե սակարկության ենթակա չէ: Եթե մենք չհամապատասխանենք IRA-ին Եվրոպայում, արդյունաբերողների, ձեռնարկատերերի եւ ներդրողների համար շատ դժվար կլինի շարունակել արդյունաբերական ենթակառուցվածքների կառուցումը… պետք է պատասխան լինի»,- ասել է Միտալը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է «Կանաչ գործարք» արդյունաբերական ծրագրի մասին: Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր բեմում՝ ֆոն դեր Լյայենն ասել է, թե ծրագրի էությունն այն է, որ «Եվրոպան մաքուր տեխնոլոգիաների եւ արդյունաբերական նորարարությունների տուն դրաձնենք զրոյական նարդյունքի ճանապարհինի ճանապարհին»:

Սակայն ամենամեծ անորոշություններից մեկն այն է, թե որտեղից կգա այս ծրագրի մեկնարկի ֆինանսավորումը:

Գաղափարներից մեկը պետական օգնության կանոնները թուլացնելն է, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի շատ ծախսել իրենց արդյունաբերությունը աշխուժացնելու համար: Երկարատեւ խնդիրն այստեղ այն է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան՝ Եվրոպայի երկու խոշորագույն տնտեսությունները, ունեն դրա ֆինանսական հնարավորությունները, մինչդեռ ԵՄ մնացած երկրները՝ չունեն: Այսպիսով, դա կարող է հանգեցնել ԵՄ միասնական շուկայի հատվածականացմանը։

Ջենտիլոնին ասել է, որ կողմ է պետական օգնության կիրառմանը, բայց միայն «եթե այն շատ նպատակային եւ սահմանափակ» աջակցություն լինի, քանի որ այն չի կարող ոչնչացնել եվրոպական մոդելը:

Առանց պետական օգնության, որը ազգային պատասխան է, ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, պետք է որոշի, թե պետք է արդյոք ինքը կվերակազմակերպի առկա եվրոպական հիմնադրամները՝ եվրոպական արդյունաբերությանը աջակցելու համար, թե պետք է համատեղ օգտագործել պետական շուկաները եւ նոր գումարներ վերցնել դրա համար: Գերմանիան կարծես թե կտրականապես դեմ է այս գաղափարին։

Եվրոպական պետությունների ղեկավարները փետրվարի սկզբին կհավաքվեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն, թե ինչպես աջակցեն իրենց արդյունաբերությանը: