Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես եք գնահատում Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ընդհանուր շղթայում ներգրավվելու ուղղությամբ, պատասխանեց. «Նախ ուրախ եմ, որ վերջապես քննարկվում են ԵԱՏՄ-ում տեխնոլոգիական զարգացման, արդյունաբերական կոոպերացիաների հարցերը: Ստեղծելով ընդհանուր շուկա մեր երկրների միջև՝ մենք հիմա պետք է հոգ տանենք այն մասին, որ այդ ընդհանուր շուկայում լինեն մեր ապրանքները: Ընդ որում, խոսքը ոչ միայն պարենային ապրանքների մասին է, այլև բարձր ավելացված արժեքով տեխնոլոգիական ապրանքների: Հայաստանն այս առումով իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած պետություն, որտեղ երկար տասնամյակների ընթացքում ձևավորվել է սարքավորումների, հաշվարկային տեխնիկայի արտադրության, բարդ, բարձր տեխնոլոգիական մեքենաշինության բազա: Եվ դեռ խորհրդային տարիներին հայկական տնտեսության՝ արտադրությունը եզրափակողի դերը հիմնված էր ահռելի կոոպերացիայի վրա, որին մասնակցում էին բարդ ապրանքներ արտադրող հարյուրավոր ու անգամ հազարավոր ձեռնարկություններ: Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանի այդ մասնագիտացումն այսօր վերականգնվում է»:

Վերջինս նկատեց նաև, որ հայկական ընկերություններն ակտիվորեն համագործակցում են «Ռոստեխ» կորպորացիայի հետ, որը միավորում է Ռուսաստանի բազում բարձր տեխնոլոգիական մեքենաշինական ընկերություններ: Նշեց նաև, որ Եվրասիական միության հսկայական շուկան, որտեղ Հայաստանը շատ ավանդական գործընկերներ ունի արտադրական կոոպերացիայի առումով մեծ հնարավորություններ կտա հայկական տնտեսության աճի համար:

«Այս համաժողովի ընթացքում մենք ականատես ենք լինում շփումների, այստեղ են «Ռոստեխի», Ռուսաստանի արդյունաբերության հիմնադրամի ներկայացուցիչները՝ հենց կոոպերացիան ընդլայնելու և Հայաստանի տնտեսության համար ավանդական՝ բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի ֆունկցիան վերականգնելու նպատակով: Համաժողովի ընթացքում խոսվել է նաև արդյունաբերության զարգացման հիմնադրամի մասին, գործում է Եվրասիական զարգացման բանկը, սակայն անհրաժեշտ է զգալիորեն մեծացնել այդ ինստիտուտների հզորությունը, դարձնել դրանք ավելի բազմազան, որովհետև որքան շատ նման հիմնադրամներ լինեն, այնքան լավ»,- ամփոփեց բանախոսը: