Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում ռուփիով նավթի հետ չկապված առեւտուր անելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։

Այս քայլը հիմնվելու է 2022թ. ստորագրված համաձայնագրի վրա, որն ուղղված է երկու երկրների միջեւ, բացի նավթից, առեւտրի ավելացմանը՝ մինչեւ 2027թ. այն հասցնելով 100 մլրդ դոլարի։

Հնդկական արժույթով առեւտուրը կնշանակի նաեւ կտրուկ հեռացում ԱՄՆ դոլարից, որը գերիշխում է համաշխարհային ապրանքային շուկաներում, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ առեւտրում։ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարն այս շաբաթ ոչ դոլարով առեւտուր անելու պատրաստակամություն է հայտնել։

Հնդկաստանը եւ Չինաստանը Պարսից ծոցի երկրներում նավթի եւ գազի արտադրողների խոշոր առեւտրային գործընկերներն են, որոնց արժույթները հիմնականում կապված են դոլարի հետ։

ԱՄԷ-ի արտաքին առեւտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ-Զեյուդիի խոսքով՝ Չինաստանը եւս հաշվարկել է տեղի արժույթներով առեւտուրը՝ բացառելով դոլարը, չնայած այդ բանակցություններում դեռ առաջընթաց չկա։

Չնայած Պարսից ծոցում առեւտուրը հիմնականում կատարվում է դոլարով, Չինաստանը եւ Հնդկաստանն ավելի են հակվում տեղի արժույթների օգտագործմանը՝ վկայակոչելով ավելի ցածր տրանզակցիոն ծախսերը։

ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցները, որոնք սառեցրել են օտարերկրյա արժույթով ռուսական ակտիվները, ընդգծել են այն վտանգները, որոնք կապված են դոլարից կախման հետ։

Տեղեկացվել է, որ Ռուսաստանը եւ Իրանը  միասին աշխատում են ոսկով ամրագրված կրիպտոարժույթ ստեղծելու ուղղությամբ, այն մտադրությամբ, որ «կայուն դրամը» կարող է փոխարինել ԱՄՆ դոլարին միջազգային առեւտրում վճարումներ կատարելու համար։

Ալ-Զեյուդին ավելացրել է, որ ԱՄԷ-ն վերջին ամիսներին սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ասիայի հետ առեւտրային հարաբերություններին։ «Քննարկումներն ընթանում են ոչ միայն Հնդկաստանի հետ, այլեւ մենք դրանք վարում ենք այնպես, որպեսզի դա չհակասի ազգի ընդհանուր շահերին»,- ասել է նա։