Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին նիստն սկսեց նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկությամբ:

82 կողմ և 5 դեմ ձայներով ընդունվեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը 65 կողմ և 25 դեմ ձայնով ևս ընդունվեցին:

90 կողմ ձայնով ընդունվեց նաև  «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

92 կողմ ձայնով ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Միաձայն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ:

Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցերին: