ԵԱՏՄ երկրներն իրենց տարածքում անպատշաճ որակի ապրանքների հայտնաբերման մասին իրազեկման միասնական համակարգ են մշակում: Տեղեկությունն այդ մասին կտեղադրվի «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքում: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությանսպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան:

Նրա խոսքով՝ Բելառուսի եւ Ղրղզստանի միջեւ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել անորակ ապրանքների հայտնաբերելու մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, իսկ կարճ ժամանակահատվածում «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքում տեղեկություն կտրամադրվի նաեւ այլ երկրներից: «ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր «Ռոսպոտրեբնադզոր»-ին տեղեկություն կտրամադրի անորակ ապրանքների հայտնաբերման մասին, որպեսզի դրանց մասին հայտնի դառնա բոլոր երկրների վերահսկող մարմիններին եւ, առաջին հերթին՝ սպառողներին», – պարզաբանեց Պոպովան:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տեղեկատվական համագործակցությունը չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան եւ իմանան, թե ինչպես ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները, ուր դիմել Համագործակցության յուրաքանչյուր երկրում:

Հարցին, թե ինչու է մշտապես առաջանում ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կոնկրետ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրը, նույն «Ռոսպոտրեբնադզոր»-ը արգելում է ապրանքների ներկրումը Հայաստանից, այդ թվում նաեւ՝ սննդամթերքի, Պոպովան պատասխանեց, որ ոչ պատշաճ որակի արտադրանքի կեղծումն ու վաճառքը որեւէ տեղ չի կորչում եւ ընդհանուր խնդիր է դառնում մի շարք երկրների համար: «Այստեղ, իհարկե, երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր են անհրաժեշտ, ինչն էլ մենք իրականում անում ենք», – ավելացրեց Աննա Պոպովան:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւանում  ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը: