Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ լրագրողները համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանում անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, կարելի՞ է արդեն խոսել կոնկրետ արդյունքների մասին:

«Եթե խոսենք կոնկրետ արդյունքների մասին, ապա պետք է ասեմ, որ այս համաժողովը մշտապես գործող է, որով և տարբերվում է մյուսներից: Մեր աշխատակազմում ամբողջ տարի աշխատում է 15 մարդ: Մենք Մոսկվայում կազմակերպել ենք հայ գործարարների հետ երեք հանդիպում, որոնք հետաքրքրված են եվրասիական տարածքի աշխատանքներով: Գրանցվել է 12 ձեռնարկություն: Կարծում եմ, համաժողովը շարունակաական կլինի: Շատ կարևոր է, որ ուղղակի շփում կա վերոնշյալ գործարարների և բարձր ղեկավարության հետ, կա երկխոսություն, նախարարն այդ ամենը վերահսկողության տակ է պահում և հանձնարարել է շարունակել աշխատանքները: Դա իրական օգնություն է, որը կրճաում է գործընթացը: Կարծում եմ, երկրորդ և երրորդ   համաժողովների արդյունքներն ավելի տեսանելի կլինեն: Դրանից բացի մենք ունենք նաև արտասահմանյան շատ մասնակիցներ: Մենք ռուսական  փորձագիտական կենտրոնի հետ համաձայնագիր ենք կնքել՝ ազատ տնտեսական գոտում աշխատելու համար: Այստեղ ներդրողներ կան, որոնք արդեն պայմանավորվել են մասնավոր-պետական համագործակցության մասին: Դա ՌԴ առևտրի տան կառուցումն է հայ-իրանական սահմանին, որպեսզի մենք կարողանանք վաճառել ռուսական ապրանքներն Իրանում, ինչպես նաև կլինի արտադրանքի երկրորդ տարածք, որտեղ կարտադրվեն ռուսական ապրանքներ՝ տեխնիկա: Աշխատանքը շատ է, իսկ արդյունքներ արդեն կան: Ամեն տարի ավելի շատ հետարքրվող մարդիկ կան: ՀՀ կառավարության կողմից ևս հետաքրքրվածություն կա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ով ամբողջ տարին աշխատել է մեզ հետ, ինչպես նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովին: Կարծում եմ, որ այն ինչ անում ենք, իզուր չէ»,-ասաց Աբրահամյանը: