Եվրասիական տնտեսական միությունում դեռեւս չի հաջողվում ազատ առեւտրի հարցերը լուծել առանց բռնագրավումների եւ սահմանափակումների: Այս մասին այսօր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Հաստատված պրակտիկայի համաձայն՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործառնության շրջանակում խոչընդոտների վերացման հարցերի քննարկումից: Ցավոք, առայժմ չի հաջողվում ամբողջությամբ հաղթահարել դիմադրությունների ուժը՝ առանց բռնագրավումների եւ սահմանափակումների ազատ առեւտրի հարցերը լուծելու ժամանակ»,- նշել է Ռոման Գոլովչենկոն:

Տեսադաշտում է շարունակում մնալ էներգետիկ ընդհանուր շուկաների ձեւավորման աշխատանքը: Այսօր կքննարկեն գազի, նավթի եւ նավթամթերքի շուկաների աշխատանքի ընթացքը:

Ռոման Գոլովչենկոն կարեւորագույն հարցերից մեկն է համարում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի կատարումը: «Այս ոլորտում չափազանց կարեւոր է ապահովել մակնշման ազգային համակարգերի համատեղելիությունը, մակնշման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչներին ներկայացվող միասնական պահանջների կիրառումը: Հարկ է դիտարկել նաեւ ապրանքների առանձին խմբերի մակնշման սահմանման նախկինում համաձայնեցված ժամկետները արդիակա՞ն են արդյոք համավարակի ժամանակ եւ արդյոք չե՞ն հանգեցնի փոխադարձ ապրանքային հոսքերի սահմանափակման»,- ասել է Բելառուսի վարչապետը:

Նրա կարծիքով՝ ուշադրություն են պահանջում նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման կանխարգելման հարցերը: Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանն է ներկայացվում առողջապահության եւ բնակչության սանիտարահամաճարակային  բարեկցության ոլորտում համալիր ծրագիրը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մինսկում ընթանում է COVID-19 համավարակը սկսվելուց հետո առաջին անգամ առերես ձեւաչափով: Օրակարգում ներառված է եվրասիական ինտեգրման հարցերի լայն սպեկտր առեւտրի, ներքին շուկայի գործառնության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներում: