«Եվրասիական տնտեսական միությունն աշխատում է երրորդ երկրների հետ համագործակցելու, ազատ առևտրի գոտիներ ստեղծելու ուղղությամբ»,- Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

Նրա խոսքով, կա մի խնդիր, որը դեռևս չեն կարողանում լուծել:

«Ո՞ւմ համար ենք մենք ստեղծել ԵԱՏՄ-ն՝ տեղական արտադրողի՞, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անդամակցե՞լ, թե՞… Եթե ստեղծել ենք նրա համար, որ մեր արտադրությունը ընդլայնվի, զարգանա, ապա դրա համար ընդհանուր շուկա ստեղծելը բավարար չէ, հարկավոր է միասնական արտադրություն: Պետք է ստեղծել կորպորացիաներ, արդյունաբերական կորպորացիաներ, որոնք պետք է ԵԱՏՄ զարգացման համար նոր փուլ դառնան: Տևական ժամանակ է մենք դոփում ենք տեղում, կորցրել ենք անգամ այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք մինչ այս պահը»,- ասաց նա:

Սերգեյ Գլազևը շեշտեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև դեռևս կան մաքսային խոչընդոտներ, որոնք հաղթահարել է պետք:

«Մաքսային խոչընդոտները, դեռևս առկա են: ԱՄՆ կողմից կիրառված տնտեսական վերջին պատժամիջոցները դրա վկայությունն են: Կան պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, իսկ մնացած երկրների նկատմամբ չկան, և մաքսային տուրքերի տարբերություն է առաջացել»,- նշեց նա:

«Հայաստանը կարող է ինովացիոն գործընկեր լինել ԵԱՏՄ-ում»,- հավելեց նա: