Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը եւ ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը:

Քննարկվել է նաեւ ԵՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու եւ վերսկսելու ժամանակ ԵՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը, դիտարկվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:

ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում: