Եվրասիական տնտեսական միության մեխանիզմներն արդյունավետ կգործեն, եթե անդամ բոլոր պետությունների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակի վրա: Այդ մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է «РИА НОВОСТИ»-ն:

«Հարկավոր է ԵԱՏՄ բոլոր անդամներին ձգել մի մակարդակի: Այժմ որոշները զարգացման հարցում առաջ են գնացել, որոշները միջին մակարդակում են գտնվում, երրորդները՝ ընդհանրապես ներքևում: Դրանում է խնդիրը: Հարկավոր է բոլորին ձգել, որպեսզի հնարավոր լինի հավասարաչափ աշխատել: Ստացվում է, որ օբյեկտիվորեն ավելի աղքատ պետությունները հույս ունեն, որ մյուսներն իրենց կօգնեն: Բայց այդպես չի լինում, շուկայական տնտեսությունում ոչ մեկը ձրի ոչինչ չի անում: Այդ ակնկալիքները կան, գուցե, կան նաև հիասթափություններ: Յուրաքանչյուրը պետք է աշխատի»,- ասել է նա հարցազրույցում:

Նազարբաևը նաև նշել է, որ երկրների՝ միմյանց օգնությունը պետք է լինի առևտրի համար հնարավորությունների ստեղծման, ապրանքաշրջանառության աճի տեսքով:

«Իհարկե, պետք է օգնել: Դա հարկավոր է անել առևտրի, ապրանքաշրջանառության, առևտրի համար շուկան բացելու, սահմանները բացելու միջոցով: Բայց յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի որոշակի մակարդակի»,- նշել է Ղազախստանի նախագահը: