ԵԱՏՄ շուկա տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող մանկական ապրանքներ, սննդային արտադրանք, թեթեւ արդյունաբերության ապրանքներ են մուտք գործում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:

Նրա խոսքով՝ խախտումները հիմնականում կապված են անվտանգության ցուցանիշների հետ:

«ԵԱՏՄ միասնական տեխնիկական կարգավորման համակարգի խնդիրները կարելի է բաժանել 2 բլոկի՝ միկրոմակարդակ (առանց ավելորդ խոչընդոտների եւ բիզնեսի վրա ծանրաբեռնվածության շուկա անվտանգ արտադրանքի մուտքի պայմանների ստեղծում) եւ մակրոմակարդակ (սպառողների պաշտպանություն եւ բիզնեսի զարգացման համար պայմանների ստեղծում): Այսօր տեխնիկական կարգավորման միասնական պահանջները տարածվում են 66 տեսակ ապրանքների վրա, գործում է 45 կանոնակարգ, կիրառվում է մոտ 12 հազար ստանդարտ, եւս 3 հազար փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում: Այդ բոլոր փաստաթղթերը որոշում են շուկայում մատակարարումների պայմանները, մրցակցության կանոնները, այդ պատճառով կարեւոր է ապահովել դրանց պահպանումն ու կատարելագործումը, ինչպես նաեւ մեծացնել հսկողության համակարգի արդյունավետությունն ու ազգային մարմինների միջեւ փոխգործակցության մակարդակը»,-նշեց Նազարենկոն:

Նրա խոսքով՝ խնդրային գոտի է համարվում համապատասխանության գնահատման մարմինների անբարեխղճությունը, անհիմն տրված փաստաթղթերի մեծ քանակը, դիմողների հետ աշխատանքի ոչ բավարար ծավալը:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ ստեղծվում են արտոնյալ պայմաններ ներմուծման համար: Կարեւոր է ապահովել կառույցների աշխատանքի կոմպետենտությունն ու անկախությունը, որոնք կարող են արդյունավետորեն պայքարել անօրինական շրջանառության խնդրի դեմ: Պանդեմիայի շրջանում՝ 2020 թվականի մարտից ապրիլ, Միության երկրներից մեկը տրամադրել է ավելի քան 3 հազար սերիական սերտիֆիկատներ, այսինքն՝ մեկ փոքր երկիր մի ամբողջ տարվա աշխատանք է տարել, ինչը ֆիզիկապես անհնար է: Նման երեւույթը պետք է հարցեր առաջացնի: Պետք է հասնել նրան, որպեսզի անհիմն տրված փաստաթղթերը հանվեն ռեեստրից»,-եզրափակեց պաշտոնյան: