Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:

Իր հերթին, նախագահ Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ եւ նշել, որ Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են. «Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպումներ է ունենալու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: