Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ գործարար խորհրդի և ՀՀ կառավարության աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 12-15-ը Երևանում կազմակերպելու են Եվրասիական տարածաշրջանային տնտեսական առաջին ֆորումը (ԵՏՏՖ): Ֆորումի խորագիրն է «Եվրասիական միություն. համագործակցության և բիզնես հանրության համախմբման նոր հնարավորություններ»:

Այն միջազգային տնտեսական համաժողով է, որի նպատակը Հայաստանի, որպես տարածաշրջանային կարևոր հանգույցում գտնվող երկրի տնտեսական զարգացմանը խթանելն է՝ արտերկրի խոշոր կորպորացիաների կողմից ներդրումային և տնտեսական ծրագրերի կենսագործման միջոցով:

Ֆորումի հիմնական առաքելությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ԲՐԻՔՍ (БРИКС), ՇՕՍ (ШОС), ինչպես նաև Եվրամիության երկրների բիզնես միջավայրերի միջև երկկողմ և բազմակողմ տնտեսական գործակցության համար տեղեկատվական-դիսկուսիոն հարթակի ձևավորումն է:

Ֆորումի աշխատանքներում կներգրավվեն պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, ֆինանսական կառույցներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Ֆորումին բարձր մակարդակով կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Հայաստանի պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Հրավիրված են գործարարներ Չինաստանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և այլ երկրներից:

Երկօրյա տնտեսական համաժողովում նախատեսվում են պլենար նիստերի, ինչպես նաև սեկցիոն աշխատանքների և կլոր սեղանների անցկացում հետևյալ հիմնական ուղղություններով:

  • ԵԱՏՄ. բիզնես հանրույթների երկկողմ և բազմակողմ գործակցության նոր հնարավորություններ,
  • Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորումները և ներքին շուկայի պաշտպանությունը ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
  • Տեխնիկական կարգավորումները, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
  • «Մետաքսի ճանապարհ». տրանսպորտային հանգույցներ,
  • Էներգետիկա և էներգաինտեգրացում,
  • Գիտատար և նորարարական տեխնոլոգիաներ,
  • Հայաստան. զարգացման ռազմավարություն և նորարարական հնարավորություններ,
  • Հայաստան. բերքառատ դրախտ:

Համաժողովը կանցկացվի Multi Grand Hotel հյուրանոցային համալիրում (5+ աստղ, հասցե՝ Երևան-Աբովյան խճուղի N5, www.multigrandhotel.com):

Օտարերկրյա մասնակիցների համար սահմանված է մասնակցության վճար 500 ԱՄՆ դոլարի չափով, որը կներառի Ֆորումի պաշտոնական փաստաթղթերի փաթեթը, բեյջը, ծրագիրը, մասնակցությունը բոլոր պլենար նիստերին, սեկցիոն աշխատանքներին և կլոր սեղաններին, մասնակցի վկայագիրը, պաշտոնական ընդունելությունները, ինչպես նաև էքսկուրսիաները և օդակայանից /օդակայան/ ուղեկցումը:

Ֆորումի ամբողջ ընթացքում կապահովվի միջոցառման տեղեկատվական լուսաբանումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվական գործակալությունների կողմից:

Կգործի Ֆորումի պաշտոնական կայքը http://armcongress.am/main/page/forum, որտեղ ծրագրային փաթեթից բացի կտեղադրվեն նորություններ, հայտարարություններ, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների և գործարարների համար անհրաժեշտ տեղեկատվություն: