ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը:

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: ԵՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը:

Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա եւ եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձերով:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Դիմերես` ՀՀ զինանշանը եւ ԵՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:

Դարձերես` ԵՏՄ պատկերանիշը եւ ԵՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         1000

Մետաղը/հարգը                  արծաթ 925

Քաշը                                    33,6

Տրամագիծը                         38,61

Որակը                                 պրուֆ

Դրամաշուրթը                     ատամնավոր

Քանակը                               500

Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման: