Ռուսաստանի արդյունաբերողների միությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է 2016թ հոկտեմբերի 13-ից 16-ը Երևանում  Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի անցկացման մասին, տեղեկացնում է rcpp.ru-ն:

«Եվրասիական միություն՝ գործարար համայնքի փոխազդեցության և միավորման նոր հնարավորությունները» թեմայով ֆորումի նպատակը եվրասիական գոտում առևտրատնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ Եվրասիական տնտեսական միության, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ անդամ երկրների մասնակցությամբ:

Ֆորումի համանախագահներն են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ՀՀ կառավարությունը, «Ռոսկոնգես» հիմնադրամը և այլ հետաքրքրված գերատեսչություններ և կազմակերպություններ:

Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաև ձեռներեցներ Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, ԵՄ երկրներից՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և այլ պետություններից: