Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «WorldSkills International»-ի շրջանակում  տրվել է նոր` «WorldSkills Eurasia» համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է «WorldSkills Eurasia»-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել «WorldSkills International»-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր, որով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ, որը կճանաչվի ԵԱՏՄ բոլոր երկրներում: Հուշագիրը նախատեսում է նաև աջակցություն Եվրասիական տնտեսական միության քաղաքացիներին` կադրային ներուժի զարգացման շրջանակում աշխատանքի արդյունավետության և մասնագիտական կատարելագործման բարձրացման նպատակով:
Եվրասիական տնտեսական միությունը կներգրավի «WorldSkills Eurasia»-ն` որպես միության անդամ-երկրների տնտեսությունները կադրերով համալրման գործիք:  Այդ մասին Աստանայում պայմանավորվել են Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը և «WorldSkills International»-ի նախագահ Սայման Բարտլին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ըստ պահանջարկի մասնագիտական կադրեր ապահովել ԵԱՏՄ տարածքի աշխատաշուկայի համար: Այդ նպատակով իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կորոշվեն բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են կադրերի ներգրավման հարցերով: Մարդկային կապիտալի զարգացման և կադրային ներուժի զարգացման շրջանակում համագործակցությունը կմշակվի «WorldSkills»-ի չափորոշիչների և մեթոդիկաների հիման վրա:
Ակնկալվում է, որ «WorldSkills Eurasia»-ի նախագծերին կներգրավվեն ոչ միայն վերոնշյալ չորս պետությունները, այլ նաև Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շուրջ 12 երկիր:

Vesti.am