Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը:

ԱԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Երևանում Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգայինհամաժողովի բացմանը

հոկտեմբերի 5-7, 2017թ.

 

«Բարև Ձեզ, հարգելի´ բարեկամներ:

Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում՝ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին, որն անց է կացվում «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում» խորագրի տակ:

Մեր առաջին համաժողովը կայացել է անցյալ տարի Երևանում և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում:

Առաջին համաժողովին ներկա են եղել 37 երկրի ավելի քան 800 մասնակից: Այս համաժողովին մենք ունենք էլ ավելի շատ հյուրեր:

Մեր խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների ու տարածաշրջանների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար:

Համաժողովի աշխատանքները նպատակաուղղված կլինեն արդյունավետ այնպիսի լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը:

Ես կցանկանայի ընդգծել մեր համաժողովի չորս հիմնական նպատակները:

Առաջինը ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի, այդ թվում նաև անդամ պետությունների տնտեսական գործունեության մասին իրազեկության բարձրացումն է:

Երկրորդը՝ տարածաշրջանային և ազգային գործարար ու ներդրումային հիմնական հնարավորությունների խթանումը:

Երրորդը՝ համաժողովը թույլ կտա ընդլայնել և խորացնել երկկողմ ևբազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի ԵԱՏՄԱՊՀՇՀԿանդամ երկրների գործարար համայնքների միջև բիզնես նախագծերիիրականացմանը:

Եվ չորրորդը՝ երկկողմ և բազմակողմ կապերի հաստատումը բիզնես համայնքների միջև:

Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերը մենք խթանում ենք համաժողովի ընթացքում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը:

Վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն լավացել են:

Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունը աճեց համաշխարհային ասպարեզում:

Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք Եվրասիան պետք է վերածենք «խելացի» տարածաշրջանի, այսինքն, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները:

Եթե յուրաքանչյուր երկիր ինտեգրացիայի համար առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել «խելացի» կառավարվող տարածաշրջանի տնտեսական աճը:

Եթե մենք համատեղենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան:

Հայաստանը մտադիր է միանալ ընդհանուր ջանքերին և իր ներդրումն այդ գործում դարձնել նշանակալից ու անփոխարինելի:

Հարգելի բարեկամներ, չնայած նրան, որ իմ հայրենիքը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ Հայաստանը հարուստ է իր հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:

Հենվելով այս ամենին՝ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»:

Նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:

Համաժողովին նույն սեղանի շուրջ մենք համախմբում ենք ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով:

Հուսով եմ՝ համաժողովը, որին պատիվ եմ ունեցել Ձեզ հրավիրել, տնտեսական շարժիչ կդառնա բոլոր այն երկրների համար, որտեղից եկել են մեր պատվարժան հյուրերը, և բոլոր այն բիզնեսների համար, որոնցով նրանք զբաղվում են:

Հուսով եմ նաև, որ մեր համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը մեզ իրարից բաժանող հակամարտությունների լուծման համար:

Բարեկամներ, այս համաժողովի ընթացքում մենք շարունակում ենք ձևավորել նոր ապագա Եվրասիայի համար:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հյուրերին, որոնք եկել են մեզ մոտ Երևան և մաղթում եմ բոլորիս արդյունավետ, ստեղծագործ և բարեկամական աշխատանք համաժողովի շրջանակներում»: