Նոյեմբերի 15-ին՝ Մոսկովյան Կրեմլում կայացել է ռուսական պետական պարգևների շնորհման հանդիսավոր արարողությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, «Հումանիտար ոլորտում օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար», ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության և «Согласие» ՓԲԸ-ի նախագահ Արա Աբրահամյանին շնորհվել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևներից մեկը՝ Հայրենիքին ցուցաբերած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան:

«Այստեղ, Կրեմլում, մենք պատվում ենք Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին, ովքեր իրենց աշխատանքով, տաղանդով և քաջությամբ բարձրացնում են իրենց հայրենիքի պատիվը: Յուրաքանչյուր սերնդի անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարող են ոգեշնչել, կատարել հերոսական գործեր: Այսօր նրանք այստեղ են, այս դահլիճում», – արարողության ընթացքում ասել է Վլադիմիր Պուտինը:

Արա Արշավիրի Աբրահամյանն իր սոցիալ-քաղաքական և բարեգործական գործունեության համար պարգևատրվել է տարբեր երկրների բազմաթիվ բարձրագույն պետական պարգևներով, այդ թվում` Բարեկամության շքանշանով (2002, Ռուսաստան), Պատվո շքանշանով (2007, Ռուսաստան), Պատվո լեգեոնի շքանշանով (2005, Ֆրանսիա), Պատվո շքանշանով (2010, Հայաստան), Մայիսյան շքանշանով (2014, Արգենտինա):