Ճապոնական Toshiba էլեկտրատեխնիկական կորպորացիան, հակառակ նախապես հայտարարված պլանի, մտադիր է բաժանվել ոչ թե երեք, այլ երկու ընկերությունների։ Դա արվել է մի շարք բաժնետերերի խնդրանքով, որոնք անհամաձայնություն են հայտնել նախորդ ծրագրի հետ, երկուշաբթի հաղորդել է Kyodo գործակալությունը։

Անցյալ նոյեմբերին Toshiba-ն հայտարարեց երեք առանձին ընկերությունների բաժանվելու իր մտադրության մասին 2023 ֆինանսական տարում (սկսած 2023 թվականի ապրիլի 1-ից): Ենթադրվում էր, որ դրանցից մեկը կզբաղվի կիսահաղորդիչների եւ այլ էլեկտրոնային բաղադրիչներով, երկրորդը՝ ծանր արդյունաբերական սարքավորումներով, մասնավորապես՝ էլեկտրակայանների համար, իսկ երրորդը կկառավարի ամբողջ խմբի ունեցվածքը։ Այժմ, խնայողությունների եւ ավելի արդյունավետ մենեջմենտի շահերից ելնելով, որոշվեց երկրորդ եւ երրորդ ընկերությունները միավորել մեկի մեջ։

Ըստ Nikkei տնտեսական թերթի՝ բաժանման ծրագրերը կապված են Toshiba-ի ղեկավարության՝ ամբողջ խմբի կապիտալիզացումը մեծացնելու ցանկության հետ՝ շահույթի ձեւավորման տարբեր աղբյուրների եւ զարգացման ռազմավարություններ ունեցող ընկերությունների ստեղծման հաշվին:

Վերջին տարիներին կորպորացիան ճգնաժամ էր ապրում, որը կապված էր, մասնավորապես, խոշոր սկանդալի հետ, որը բռնկվեց 2015-ին ֆինանսական հաշվետվությունների կեղծման պատճառով, ինչպես նաեւ 2017 թվականին ամերիկյան ստորաբաժանման սնանկության պատճառով կրած լուրջ վնասների հետ։ Toshiba-ն նաեւ ցնցեց դրա ղեկավարության եւ մի շարք խոշոր բաժնետերերի միջեւ կոնֆլիկտը: