Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է արագացնել անցումը նոր՝ Windows 11 օպերացիոն համակարգին, տեղեկացնում է Engadget պորտալը։

Windows 11-ի ներդրման գործընթացը կատարվում է փուլ առ փուլ, եւ բոլոր համակարգիչները չէ (որոնք հարմար են նոր օպերացիոն համակարգի տեղադրման համար), որ կարող են ստանալ թարմացումը։

Այժմ ընկերության թոփ-մենեջերներից մեկի՝ Ջոն Քեյբլի խոսքով, Windows 11-ը կդառնա ավելի հասանելի Windows 10-ով համակարգիչների համար, որոնք համապատասխանում են օպերացիոն համակարգի բոլոր համակարգային պահանջներին։

Այսօր օգտատերերը, որոնք օգտագործում են 2004 վերսիայի (կամ ավելի ուշ) Windows 10, կարող են թարմացվել Windows 11-ով։

Ընկերության պլանի համաձայն՝ 2022թ. կեսին բոլոր հարմար սարքերը կստանան նոր օպերացիոն համակարգով թարմացման հնարավորություն։

Բացի այդ, Microsoft-ը նշել է, որ Windows 10-ն այժմ կստանա անվտանգության թարմացում միայն տարին մեկ անգամ։