Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում է Facebook սոցիալական կայքը, հայտարարել է, որ մինչեւ հունվարի վերջը ամբողջությամբ կբացի իր գրասենյակները ԱՄՆ-ում, սակայն աշխատակիցներին հնարավորություն կտա հետաձգել հեռահար աշխատանքից դուրս գալը, գրում է Wall Street Journal-ը։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գրասենյակում աշխատանքի «հետաձգման» նոր ծրագիրն այնպես է մշակված, որ աշխատակիցներին ավելի ճկուն հնարավորություններ տրամադրվեն: Այս ծրագիրը հասանելի է ԱՄՆ-ում եւ Կանադայում Meta-ի աշխատակիցներին, ովքեր ցանկանում են 3-5 ամսով հետաձգել իրենց վերադարձը գրասենյակ, սակայն համաձայն չեն երկարաժամկետ հեռահար աշխատել:

«Նրանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հունվարին, մենք անհամբեր սպասում ենք դինամիկ գրասենյակի ստեղծմանը, որը կշարունակի առաջնահերթություն տալ առողջությանը եւ անվտանգությանը: Մենք նաեւ հասկանում ենք, որ ոմանք դեռ այնքան էլ պատրաստ չեն վերադառնալու»,- մարդկային ռեսուրսների գծով Meta-ի փոխնախագահ Ջանել Գեյլի խոսքերն է մեջբերում թերթը։