Փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման լուծումներ առաջարկող «Hexact»-ը 2021 թվականն ամփոփում է տարեկան հասույթի 400% աճով։ Ստարտափը հաճախորդներ ունի 160 երկրներում, իսկ 3 հիմնական պրոդուկտների՝ «Hexometer»-ի, «Hexowatch»-ի և «Hexomatic»-ի վճարող հաճախորդների թիվն ընդհանուրի մեջ 20 տոկոսից ավելի է։ Ներկայում «Hexact»-ի էկոհամակարգի պրոդուկտներն օրական ավելի քան 60 միլիոնից ավելի ավտոմատացման ու մոնիտորինգի առաջադրանք են մշակում։

Պրոդուկտները շարունակում են կատարելագործվել, ամեն շաբաթ դրանք թարմացվում են նոր գործիքներով, տարվա ընթացքում գործարկվել են «Hexowatch 3.0»-ն, «Hexometer 3.0»-ն և երրորդ ու գլխավոր պրոդուկտը՝ «Hexomatic»-ը, որի մեկնարկը նպաստեց գրեթե բոլոր ցուցանիշների արագ աճին:

Աշխատանքի երրորդ տարում «Hexact»-ի անձնակազմը եռապատկվել է՝ դառնալով 30։ Թիմն ակտիվորեն շարունակում է համալրվել, հայտարարվել են նոր թափուր աշխատատեղեր:

«Վերջերս «Formula VC»-ի գլխավորությամբ, «Crosspring»-ը, «Untapped Ventures»-ը և «BANA – Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» ներդրում կատարեցին «Hexact»-ում՝ փակելով «Pre seed» փուլը։ Մենք ունենք շատ ամբիցիոզ նպատակներ, որին հասնելու համար 2022 թվականի նշաձողն ավելի բարձր ենք դրել։ «Hexact»-ի թիմով իրականացնելու ենք մեր տեսլականը», – նշել է «Hexact»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

«Hexact»-ի նպատակների իրագործման ճանապարհին մեծ քայլ էր նաև նոյեմբերին «SADA»-ի և «Google Cloud»-ի հետ եռամյա պայմանագիրը, որը կնքվել է նորարարության ու աճի խթանման նպատակով։ Միևնույն ժամանակ, «Hexact»-ը միացավ «Google Cloud Build» և «Google Cloud Partner» ծրագրերին։

«Hexact»-ի մասին

«Hexact»-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ն արհեստական բանականությամբ աշխատող օգնական է, որը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին, Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները և մարդկային օգնականների թիմ` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: