Սոցցանցում տարածված ապատեղեկատվության բեռն ընկնում է առանձին օգտատերերի վրա, Axios-ին ասել է Facebook-ի գործադիր տնօրեն Էնդրյու Բոսուորթը։

«Կարծում եմ, որ Facebook-ն իրականացրել է աշխարհում COVID-ի դեմ պատվաստանյութի երեւի ամենամեծ արշավը»,- ասել է Բոսուորթը: «Ուրիշ ի՞նչ կարող եք անել, եթե որոշ մարդիկ, ովքեր պատրաստվում են այս իրական տեղեկատվությունը ստանալ իրական աղբյուրից, որոշեն չստանալ այն: Դա նրանց ընտրությունն է։ Նրանց թույլ է տրված դա անել,- հավելել է նա։- Դուք խնդիրներ ունեք այդ մարդկանց հետ։ Facebook-ի հետ դուք խնդիր չունեք»։
Բոսուորթը հաջորդ տարի կդառնա Facebook-ի մայր ընկերության՝ Meta-ի տեխնոլոգիական տնօրենը: Նա մասնակցում էր ընդլայնված եւ վիրտուալ իրականության մասով ընկերության աշխատանքներին։

Հուլիսին նախագահ Բայդենն ասել էր, որ սոցցանցերի հարթակները «սպանում են մարդկանց» պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության պատճառով: «Մի քանի օր անց նա մեղմացրեց իր քննադատությունը՝ մեղքը բարդելով պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության ամենաակտիվ տարածողների վրա։

Բոսուորթն Axios-ին ասել է, որ սոցիալական հարթակի համար ժողովրդավարական չէ փորձել վերահսկել մարդկանց ասածները, նույնիսկ երբ դա կարող է վնասակար լինել: