Բոլորն ասում են՝ այս ինչ երկիր է, ապրելու տեղ չի, այստեղ ապագա չկա: Ես կասեմ հակառակը՝ մեր երկիրը լավն է, որտեղ կա ապագա, տնտեսական հեռանկարներ: Այսօր Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպիչ Արա Աբրահամյանը:

-Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, գաղափարախոսությունը: Ես էլ եմ հասկանում, որ տնտեսական վիճակը շատ վատ է, գյուղերում մարդիկ օգնության կարիք ունեն: Բայց դա չի նշանակում, որ բոլորս միահամուռ պետք է ասենք, որ այս երկիրն ապրելու տեղ չի, -նկատել է նա՝ հավելելով, որ պետք է միասնական գործել: Նրա խոսքով՝ կարևոր չէ , թե նմանատիպ համաժողովներն ովքեր են կազմակերպում, կարևորը դրա արդյունավետությունն է, գաղափարը:

-Թող գան կազմակերպեն, ես էլ անպայման կմասնակցեմ և իմ ուժերի ներածին չափով կօգնեմ,-հավելել է նա:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե մեր երկրին տնտեսական աղետ է սպասում, Աբրահամյանը նշել է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե միասնական չգործենք:

-Շատ արագ կարող ենք վերականգնել ՀՀ տնտեսական պոտենցիալը: Մենք կարող ենք Հայաստանը հինգ քայլ առաջ տանել: Կան խնդիրներ, եկեք միասին փորձենք լուծել դրանք,-ընդգծել է նա:

Այն հարցին, թե համաժողովը կարո՞ղ է ներդրումներ բերել Հայաստան, Աբրահամյանը պատասխանել է, որ դրա համար կան արտաքին և ներքին բազում խնդիրներ, որոնք էլ պետք է լուծվեն:

-Ներդրումների համար մենք պետք է պայմաններ ստեղծենք: Ես հավատում եմ նոր կառավարության ունեցած պոտենցիալ ուժին, նորանշանակ վարչապետի կարողություններին ու մոտեցումներին: Սակայն տնտեսական կտրուկ աճ ապահովելու համար պետք է միասնականություն դրսևորենք՝ օգտագործելով նաև սփյուռքի ներուժը,-նկատել է Աբրահամյանը: