Արա Աբրահամյանի խոսքը «Տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները» խորագրով կլոր սեղանի ժամանակ:

Հարգելի՛ ներկաներ

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով ջերմ խոսքեր ասաց Հայաստանի մասին: Նա ավելի քան 20 տարի պարբերաբար ժամանում է Հայաստան և իր բոլոր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի օգնի մեր փոքր երկրին:

Նրան ճանաչում են ոչ միայն Հայաստանում, նրա կատարած հսկայական աշխատանքի մասին գիտի նաև 10 միլիոնանոց հայկական սփյուռքը:

Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք Հայաստանի հաջողությունների մասին, հիշում ենք այն մարդկանց, ովքեր մեզ օգնել են: Նրանց թվում է նաև Բարոնուհի Քոքսը, որի առողջության համար մենք աղոթում ենք:

Առաջիկայում, դեկտեմբերի 11-ին՝ Կրեմլում մենք կազմակերպելու ենք Համաձայնության միջազգային մրցանակաբաշխություն և մեր ցուցակում առաջինը Բարոնուհի Քոքսի անունն է:

Բոլոր ելույթ ունեցողներին, ներկաներին ուզում եմ հայտնել, որ մեր համաժողովը շարունակական է լինելու: Մեր հանձնաժողովը, համաժողովի գրասենյակը, տեղեկատվական կենտրոնը նույնպես շարունակելու են գործել:

Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր հյուրերին: Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ով եկել է այստեղ, ունի իր ծրագիրը, հնարավորությունները՝ աշխատելու համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում: Մենք այս 200 միլիոնանոց շուկայում մեծ հնարավորություններ ունենք լավ բիզնես, լավ հարաբերություններ ունենալու համար:

Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել «խելացի» տեխնոլոգիաների երկիր, տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, եթե աշխատենք միասին: