ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը կազմակերպել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությամբ եւ ՊՖԿՀԲ 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: Covid-19 համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով՝ աշխատաժողովն անցկացվել է առցանց ձեւաչափով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության եւ ՊՖԿՀԲ քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության պետ Վախթանգ Սիսակյանն աշխատաժողովի բացման խոսքում կարեւորել է, որ ԵՄ աջակցությունը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը, կբարձրացնի ֆինանսական վերահսկողության արդյունավետությունը եւ պետական ֆինանսների կառավարման ոլորտում ֆինանսական կարգապահության մակարդակը:

«Թայեքս» տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

«Թայեքսը» կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ: