Եվրասիական միությունում ՀՆԱ-ի միջին աճը 4 տոկոս է կազմել։ Հայաստանը, այսպիսով, առաջ է այդ ցուցանիշից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույը, ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Սաֆարյանը, Հայաստանում գործազրկության մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։

«Բացի այդ, միջին աշխատավարձը  Ռուսաստանից կրկնակի անգամ քիչ է։ Նվազում է նաեւ տրանսֆերտների ծավալը։ 2021 թվականին այն 1 միլիարդ դոլարից պակաս է կազմել կամ՝ ՀՆԱ-ի 9 տոկոսը։ Միգրանտները հեռանում են, ապա իրենց հետ տանում իրենց ընտանիքներին: Դա միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ կստեղծի տնտեսության համար, քանի որ Հայաստանը կզրկվի աշխատուժից, որը կարող է էական ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում»,- ասաց ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում այս խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է արժանապատիվ վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծել, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն հեռանալ։

Ընդ որում, Սաֆարյանն ընդգծեց, որ Հայաստանի ակտիվ եւ կառուցողական մասնակցությունը ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի: «Հայաստանը, մասնավորապես, արտահանման ծավալն ու պատրաստի արտադրանքի մասնաբաժինն ավելացնելու այլ հնարավորություն չունի։ Դա հնարավոր է միայն Եվրասիական միության շուկայում ներկայության ընդլայնման միջոցով»,- ամփոփեց Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգողը։