Եվրասիական ինտեգրման համատեքստում կարեւոր է նաեւ բարձրտեխնոլոգիական բաղադրիչի զարգացումը։ Այս մասին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի օնլայն ձեւաչափով անցկացվող նիստում դեկտեմբերի 10-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տեսակետից Հայաստանի պոտենցիալը, ինչպես կարծում է վարչապետը, կարող է պահանջված լինել։ Փաշինյանի կարծիքով՝ վստահությունն ապագայի հանդեպ ենթադրում է Եվրասիական տնտեսական միության ադապտացում փոփոխվող ներքին եւ արտաքին պայմաններին։ «Ակնհայտ է, որ զարգացման առաջանցիկ տեմպերի անցումը հնարավոր է կոնկրետ նախագծերի իրականացման դեպքում։ Մասնավորապես, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական շղթաների, համատեղ լաբորատորիաների եւ դիագնոստիկ ինստիտուտների ստեղծման ճանապարհով»,- ասել է Փաշինյանը։

Նա համոզված է, որ ԵԱՏՄ արդյունաբերական պոտենցիալի զարգացումը ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ «Դա նշանակում է բարձրտեխնոլոգիական, գերարագ հաշվիչ ենթակառուցվածքի եւ արտադրական բազայի ավելի լայն կիրառում։ Կարծում եմ, որ Հայաստանի պոտենցիալը կարող է պահանջված լինել։ Հատկապես ԵԱՏՄ տարածքում մեգանախագծեր ձեւավորելիս թվային տեխնոլոգիաների բնագավառում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Իսկ թվայնացման համատեքստում Հայաստանի վարչապետը դիտարկում է նավիգացիոն կնիքների կիրառումը փոխադրումների համար։ Դա կարեւոր ձեռքբերում է թվային տրանսֆորմացիայի գործընթացում, որը զգալիորեն կդյուրինացնի բեռնափոխադրումների վերահսկողությունը։