Անգլիայի Բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին նախազգուշացրել է, որ էներգակիրների գները եւ սննդամթերքի «ապոկալիպտիկ» գները կարող են «եկամուտների շատ իրական շոկ առաջացնել», հայտնում է AP-ն։

Բեյլին ասել է, որ իրեն «անօգնական» է զգացել, երբ պաշտպանել է Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականությունը՝ չնայած նրան, որ տնային տնտեսությունները տուժել են ինֆլյացիայի սրընթաց աճից:

Նա հայտարարել է պատգամավորներին, որ Մեծ Բրիտանիայի սպառողների պահանջարկի վրա կազդի ընթացիկ ինֆլյացիան, որն ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում, եւ սպասվում է, որ գործազրկության պատճառ կդառնա:

Ազգային վիճակագրության գրասենյակը մարտին արձանագրել է 7 տոկոս ինֆլյացիա, բայց սպասվում է, որ այն կհասնի 8 տոկոսի վերջին ամսվա ընթացքում:

Անգլիայի Բանկը հայտնել է, որ ինֆլյացիան, ամենայն հավանականությամբ, կհասնի 10,25 տոկոսի գագաթնակետին 2022 թվականի վերջին եռամսյակում:

Նա ընդգծել է, որ ուկրաինական պատերազմը հանգեցրել է ինֆլյացիայի անկանխատեսելի աճի, նշելով, որ դեռեւս «մեծ անհանգստություն» կա հակամարտության պատճառով պարենային ապրանքների գների հետագա բարձրացման հետ կապված:

Մարտին Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների ինֆլյացիան ավելացել է 5,9 տոկոսով, եւ առաջիկա ամիսներին սպասվում է արագացում։