ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի ցուցանիշը բավարար չէ ներքին շուկայի կայունության ապահովման համար: Այս մասին փետրվարի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։

Նա պարզաբանել է, որ 2021 թվականին փոխադարձ առեւտուրը 2019 թվականի համեմատ աճել է 18  տոկոսով, իսկ արտաքին առեւտրի ծավալը՝ 15 տոկոսով, սակայն փոխադարձ առեւտրի տեսակարար մասնաբաժինը ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների ընդհանուր առեւտրի 15 տոկոսից պակաս է կազմում։ Օրինակ, այլ նմանատիպ ինտեգրացիոն միավորումների փոխադարձ առեւտրի ծավալն ավելի քան 40 տոկոս է կազմում:

«Փոխադարձ առեւտրի մեծացման համար նախապայմանն առանց խոչընդոտների միջավայրի ստեղծումն է։ Պետք է նշեմ, որ տարեցտարի գործընկերների շուկա մուտքի սահմանափակման հետ կապված հարցերի զգալի մասը չի լուծվում»,- հավելել է Սմաիլովը։

Ղազախստանի վարչապետն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կարող է 3.1 տոկոս կազմել:

«Անցյալ տարի Միության անդամ երկրների տնտեսությունները հասել են նախահամաճարակային մակարդակին։ 2021 թվականի վերջին Միության ՀՆԱ-ի աճը կազմել է 4,5 տոկոս»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համար գլխավոր մարտահրավեր են շարունակում մնալ աշխարհաքաղաքական լարվածությունը եւ բարձր գնաճը: