Հայտարարվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի են առնվել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են, մասնավորապես՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, արդյոք դա որևէ կերպ կանդրադառնա ԵԱՏՄ-ի և Հայաստանի վրա:

«Իրանի հետ ազատ տնտեսական ժամանակավոր գոտու ստեղծումը պատրաստվում էր վերջին մի քանի տարին: Մենք համաձայնեցրել ենք բոլոր պարամետրերը, տարիֆները, որոնք նվազեցվել էին: Հույս ունենք, որ մինչ տարեվերջ այն բոլոր գործողությունները, որոնք պետությունները պետք է անեն, կիրագործեն և այն կյանքի կկոչվի: Երեկ և այսօր գործընկերները նշում էին, որ միակ երկիրը, որ բաց սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է, ինչը մեծ պլյուս է:

Պատժամիջոցների մասով. Եվրասիական գործընկերության համաժողովի շրջանակներում բոլորը քննարկում են ազգային արժույթի հետ աշխատանքը: Սա շատ կարևոր է, այն բոլոր հնարավորությունները, որոնք կան Իրանի հետ համագործակցության շրջանակներում, պետք է զարգացնել: Ամեն տարի էլ պատժամիջոցներ են կիրառվում: Պետք է մտածել ապրանքաշրջանառության, համատեղ նախագծերի, պետությունների զարգացման մասին՝ արդյունաբերության և առևտրի ոլորտում»,- ասաց Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը: