ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակում Հայաստանն առաջին  հերթին հետապնդում էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացման նպատակ: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անցած տարի գյուղատնտեսական ոլորտում Ռուսաստան մեր արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս: Այս տարի ցուցանիշները փոքր-ինչ ավելի ցածր են, բայց 35 տոկոսից բարձր են»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում լավ տեմպերով զարգանում է ջերմոցային տնտեսությունը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ գյուղատնտեսությունում կա աճի պոտենցիալ:

«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շատ զարգացած է, բայց է՛լ ավելի մեծ աճի համար պոտենցիալ կա: Եթե խոսենք գյուղատնտեսության տեսակների մասին, որոնք մենք կարող ենք ուղարկել Ռուսաստան, միրգն է, բանջարեղենը, դրանց պահածոները, պանիրը… Եվ այդ ոլորտի հիանալի յուրահատկությունն այն է, որ մենք այստեղ չենք մատակարարում ինչ-որ մենաշնորհ ձեռնարկության արտադրանքը: Գյուղատնտեսությունով մեզ մոտ զբաղված է ավելի քան 350 հազար ֆերմերային տնտեսություն, այդ պատճառով եկամուտները հավասարաչափ են բաշխվում: Եվ դա շատ կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը: