Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը: «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ անցկացվող համաժողովի նպատակը ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակ ստեղծելն է:

Ինչպես 2016թ.-ին, այս տարի նույնպես Համաժողովը բավական ներկայացուցչական կազմ ունի։ Քննարկումներին մասնակցելու են ԵԱՏՄ երկրների կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Համաժողովի շրջանակում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների Արդյունաբերության նախարարների խորհրդակցություն, ինչպես նաև առանձին քննարկումներ` բժշկական արդյունաբերության և Եվրասիական տարածքում արտադրական ինտեգրացիայի, եվրասիական տարածքում ոսկերչական իրերի արտադրության և սպառման շուկաների ընդլայնման, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության և այլ թեմաներով:

Համաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Նատալիա Վոլկովան և ուրիշներ:

Նմանատիպ համաժողովները կարևոր են նաև այն առումով, որ հավակնում են վերածվել նորաստեղծ ԵԱՏՄ ուղեղային կենտրոնի ու հատկանշական է, որ նմանատիպ ուղեղային կենտրոն կարող է ձևավորվել Հայաստանի Հանրապետությունում:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն այնքան էլ հարուստ չէ իր ներկայիս տնտեսական ռեսուրսներով, սակայն հաշվի առնելով առկա ինտելեկտուալ ներուժը, ապա նմանատիպ միջոցառումները կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի նշված ներուժը վերածվի տնտեսական և քաղաքական կապիտալի:

Սովորաբան յուրաքանչյուր տարածաշրջան ունենում է իր անվտանգության կամ տնտեսական կենտրոնները, ինչպես Դավոսի ֆորումը, Մյունխենի անվտանգության ժողովը, Կրինիցայի տնտեսական ֆորումը…Այդ առումով այս համաժողովը, որը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը վերածվի ԵԱՏՄ տնտեսական կենտրոնի: Կարևոր է նշել, որ համաժողովները չեն սահմանափակվում տարեկան մեկ անգամյա հանդիպումներով: Համաժողովից համաժողով ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք բիզնես քննարկումներ, տնտեսական ուղղվածության հանդիպումներ և համեմատաբար փոքր ֆորմատի կոնֆերանսներ:

Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովն անց է կացվել 2016թ. հոկտեմբերին, որի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես` ՌԴ Ռոստովի շրջանի և ՀՀ կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության, ինչպես նաև Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիացիայի ու ՀՀ արդյունաբերական զարգացման հիմնադրամի միջև համագործացկության մասին: Համաժողովի աշխատանքները շարունակվել են նաև նրա ավարտից հետո: Գործարար կապերի ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվել են փոխադարձ այցելություններ ու քննարկումները, որոնց մասնակցել են ինչպես տարբեր պաշտոնյաներ, այնպես էլ գործարարներ:

 

times.am