ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին Հարավային Կալիֆոռնիայի արտակարգ ծառայություններն սկսել են լողափերը մաքրել նավթի տարածումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News-ը:

Փորձագետները փորձում են որոշել Օրինջում տեղի ունեցած նավթի արտահոսքի պատճառը: Amplify Energy նավթընկերությունը հոկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ նավթի արտահոսքը կանխվել Է: Առնվազն 572 հազար 807 լիտր արտահոսել Է օվկիանոս: Ափի երկայնքով տարածել են սքիմերներ եւ լաստափակոցներ՝ Հանթինգթոն-Բիչի մերձակայքում ջրի մեջ մեծ քանակությամբ նավթի հոսքը կանխելու համար: Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հաղորդում Է, որ ծառայություններն օգտագործելու են բահեր եւ ձեռքի այլ գործիքներ առափնյա գծից նավթը հեռացնելու համար, քանի որ ծանր տեխնիկան չի կարող հասնել հեռավոր վայրեր:

Հարավային Կալիֆոռնիայի ափերին 13 քառակուսի մղոն մակերեսով նավթի տարածումը պաշտոնատար անձանց հարկադրել Է փակել լողափերը եւ նախազգուշացնել «նշանակալի բնապահպանական հետեւանքների» մասին, հաղորդել Է ABC News-ը: «Մենք սկսել ենք գտնել սատկած թռչուններ, ափ նետված ձկներ»,-Twitter-ում գրել Է Օրինջի օկրուգի տեսուչ Քաթրինա Ֆոուլին: Հանթինգթոն-Բիչի քաղաքագլուխ Քիմ Քարրը Լոս Անջելեսում ստեղծված իրադրությունը NBC հեռուստաալիքում որակել Է որպես «հնարավոր բնապահպանական աղետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: