Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ:

«Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առիթով, որոնք առաջինն էին սահմանադրական բարեփոխումներից հետո»,- ասել է Նուրսուլթան Նազարբաևը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ շուտով լրանում է 3 տարին, երբ Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Նա նկատել է, որ միության սկզբնական, նախնական ու դժվար փուլում արվել է ոչ քիչ աշխատանք:

«Մենք, միմյանց հետ գործակցելով, ակտիվորեն աշխատում ենք տնտեսական ոլորտում, տնտեսության կարևոր ոլորտների հետ կապված իրականացնում ենք համակարգված քաղաքականություն: Այս ընթացքում կապեր են հաստատվել տարբեր երկրների հետ միջազգային կազմակերպություններում: ԵԱՏՄ-ի համար դժվար փուլ էր` կապված մեր երկրների կողմից ճգնաժամային երևույթները հաղթահարելու հետ: Այդ ամենն իր ազդեցությունն է թողել մեր կազմակերպության ցուցանիշների վրա, որոնք վերջին շրջանում նվազել են: Բայց ճգնաժամը հավերժ չէ, անկմանը հաջորդում է աճը»,-ասաց Նազարբաևը` ներկայացնելով մի քանի ցուցանիշ:

Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ շատ երկրներում նախորդ տարի գրանցվել է տնտեսական աճ, այդ թվում, Ղազախստանում: Նազարբաևը նշեց, որ հատուկ լավատեսություն պետք է ներշնչեն 2017 թվականի սկզբին գրանցված արդյունքները: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարի տվյալներով ԵԱՏՄ-ի հետ արտաքին առևտրի ծավալն, ընդհանուր առմամբ, աճել է 37 տոկոսով: Մասնավորապես, ԵԱՏՄ-ի հետ Ղազախստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 56 տոկոսով, Ռուսաստանի հետ` 50, Բելառուսի հետ` 50, Ղրղզստանի հետ` 41 տոկոսով, իսկ Հայաստանի հետ աճել է 3.5 անգամ:

«Առաջիկայում էլ պետք է շարունակենք աշխատել, որ այս միտումը պահպանվի մինչև տարվա վերջ»,-ասել է նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին` Նազարբաևը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել նոր առևտրատնտեսական պայմանագրեր միջազգային գործընկերների հետ շուկայի, ինչպես նաև ներդրումների ընդլայնման համար: Աշխատել ակտիվացնել գործակցությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի Իսրայելի, Սերբիայի և այլ երկրների հետ, որոնք նման ցանկություն են հայտնել: Նա կարևոր է համարել դժվարին պայմաններում փոխադարձ օգնության ձեռք մեկնելը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ այս հանդիպմանն ընդունված որոշումների իրագործումը կամրապնդի ԵԱՏՄ անդամ երկրների գործակցությունը, առաջիկայում էլ հարաբերությունները կբարձրացվեն ավելի բարձր մակարդակի: