Կառավարությունն այսօր հավանություն տվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշվեց, որ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՍԴ: Նշվեց, որ Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:

Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Համաձայն կարգավորումների 2020-ի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 անուն ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արտոնյալ սակագների երկարաձգումը վերաբերում է մի շարք պարենային ապրանքների և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից:

«Մասնավորապես, խոսքը հեևյալ ապրանքների մասին է՝ միս, կարագ, բրինձ, մարգարին, ձեթ, ծխախոտի հւոմք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ, մշակված քարեր, թանկարժեք քարեր և մի շարք այլ ապրանքներ: Ապրանքատեսակները 40-ն են: օրենքն ուժի մեջ մտնելու պահից անմիջապես կկիրառվեն այս արտոնյալ սակագները մի շարք կարեւոր ապրանքների գների նվազման վրա»,-ասաց փոխվարչապետը:

Նրա խոսքով` ԵՏՄ-ի շրջանակներում ընդունվել են որոշումներ, որոնց համաձայն, երրորդ երկրներից ներմուծված գյուղմթերքների համար ժամանակավորապես կիրառվելու են զրոյական մաքսատուրքեր: Դա վերաբերելու է նաեւ բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների, նաեւ ախտահանիչ նյութերի: Այդ որոշումն ուժի մեջ է մտել երեկվանից: Մհեր Գրիգորյանը կոչ արեց արագ ընդունել և օր առաջ ուղարկել ԱԺ վավերացման: Փաշինյանը համաձայնեց նրա հետ