Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում՝ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո:
«Առաջինը՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի դրսևորման արդյունքում, և երկրորդը՝ այս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով ոչ մի տարբերություն չկա գրեթե»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին մերժված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ՀՀ նախագահն ասել է, որ պետք է այնպես արվեր, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
«Իսկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք «և,և»-ի մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե չպետք է Եվրասիական տնտեսական միության անդամ լինեք, ապա դուք պարտավոր կլինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը ճնշում է գործադրել այդ հարցում։
Լրագրողի հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության ապագան դիտարկվում է որպես Եվրամիության համարժեք՝ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ երկու համակարգերի համարժեքության ձեռքբերման մասին խոսելը դեռ վաղ է: «Կարծում եմ՝ հիմա ճիշտ է խոսել երկու համակարգերի համագործակցության մասին: Եվ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, «դե ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գիտենք», Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»:
Անդրեյ Բեկետովը նկատել է, որ անվտանգության հարցում ՀՀ-ն Ռուսաստանին է ապավինում, և հարցրել է, թե դրան, օրինակ, ՆԱՏՕ-ի տեսքով այլընտրանք ՀՀ-ն փնտրո՞ւմ է, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մեկ օր առաջ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և հրավիրել է նրան Հայաստան:
«Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և նրան հրավիրել Հայաստան, որպեսզի միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ այդ համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը»,- ասել է ՀՀ նախագահը:
Հարցին, թե ինչ համակարգի է անցում կատարում ներկայիս կիսանախագահական պետությունը և ինչի է վերածվելու, Սերժ Սարգսյանը նշել է՝ «բոլոր հայերի համար ցանկանալի երկրի»:
«Իմ խորին համոզմամբ՝ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ կառավարման հնարավորություն է ընձեռում»,- ասել է ՀՀ նախագահը: Նա հավելել է, որ խորհրդարանական համակարգը նաև հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին՝ ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը, ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը: Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացիներն ավելի քիչ դժգոհության պատճառներ կունենան:
Լրագրողը նաև հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, թե արդյոք այն հանգամանքը, որ նախագահի անունը չկա ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության ցուցակում, նշանակում է, որ նա դուրս է գալիս քաղաքականությունից:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: «Դա նշանակում է նաև, որ մենք հնարավորություն ենք ստեղծում երիտասարդների համար քաղաքականությունում իրենց դրսևորելու համար»,- հավելել է նախագահը: