Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ երկրի իշխանությունները նավթի իրենց պաշարների մի մասը կվաճառեն ռազմավարական պաշարներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կվաճառենք մեր պաշարների մի մասը եւ այլ միջոցներ կձեռնարկենք նավթի գները կայունացնելու համար»,-ընդգծել է նա։ Միաժամանակ Կիսիդան չի հստակեցրել վաճառվող պաշարների ծավալը եւ  գործընթացի ժամկետները՝ ասելով միայն, որ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան կհրապարակի համապատասխան տեղեկատվությունը։

Կիսիդան նաեւ ասել է, որ վաճառքի որոշումը «ընդունվել է ԱՄՆ իշխանությունների նմանատիպ որոշման համաձայն, որոնց հետ Ճապոնիան համագործակցում է նավթի համաշխարհային շուկայի կայունացման համար»։Նրա խոսքով՝ «նավթի գների կայունացումը չափազանց կարեւոր խնդիր է Ճապոնիայի տնտեսության վերականգնման համար, որի վրա ազդում է նոր կորոնավիրուսի տարածումը»։