2021 թվականի առաջին կիսամյակի վերջին ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքն ավելի քան 620 միլիարդ դոլար է կազմել, ինչը գրեթե 5 տոկոսով ավել է, քան 2020 թվականին։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում նույն ժամանակահատվածում այս ցուցանիշն աճել է ընդամենը 0.5 տոկոսով։ Այդ մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

Նրա խոսքով` միջանկյալ ապրանքների փոխադարձ առեւտուրն աճում է գերազանցող տեմպերով, առաջին կիսամյակում ծավալն աճել է 40 տոկոսով։

«Այս տարվա 9 ամիսների ընթացքում փոխադարձ առեւտրի ծավալը կազմել է 52 մլրդ դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.5 տոկոսով եւ 2019 թվականի նախակորոնավիրուսային նույն ժամանակահատվածի համեմատ՝ 16.5 տոկոսով։ ԵԱՏՄ-ում երկրի արտաքին առեւտրի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 600 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 33 տոկոսով։ Այս ցուցանիշը 11 տոկոսով բարձր է 2019 թվականի մակարդակից, ինչը վկայում է ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության մասին»,- ասաց նա։