Հունգարիան նախատեսում է 2023թ. վերջին գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն Բաքվում կայացած ադրբեջանա-հունգարական բիզնես-համաժողովի շրջանակում։

Նախարարը հույս է հայտնել, որ շուտով կավարտվեն Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանում համապատասխան ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքները, որպեսզի ադրբեջանական գազը փոխադրվի եվրոպական շատ երկրներ։ Նրա խոսքով՝ հունգարական ընկերությունը, որը պատասխանատու է գազի տեղափոխման եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար, արդեն բանակցություններ է վարում SOCAR-ի հետ։ «Մենք նաեւ Ադրբեջանի քաղաքական աջակցությունն ենք ակնկալում այս հարցում»,- ավելացրել է Սիյարտոն։

Հիշեցնենք, որ Հունգարիան Ադրբեջանի հանդեպ համակրանքով լցվեց վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության գալուց հետո։ Ընդ որում՝ համակրանքն այնքան ուժեղ էր, որ Օրբանը, խախտելով բոլոր գրված եւ չգրված օրենքները, Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կատարել էր ամբողջ Եվրոպան զարհուրեցրած հանցագործություն։ Որոշ տեղեկություններով՝ Օրբանն ինքը դրանից քիչ շահ չի ունեցել։