Գերմանիայի միասնության օրվա առթիվ «Մեդիամաքսը» զրուցել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան  Մաթիաս Քիսլերի հետ, որում  անդրադարձ է եղել նաև հայ-գերմանական տնտեսական հարաբերություններին:

Դեսպանը մասնավորապես նշել է, որ գերմանացի ձեռնարկատերերն աճող հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստան գալու, ընդ որում՝ ոչ զուտ առևտրային նպատակներով:

Տնտեսական բնագավառում  շարունակ ավելի ու ավելի մեծ ներուժ ենք տեսնում: Գերմանիան այժմ արդեն Եվրամիության երկրների մեջ Հայաստանի ամենախոշոր առևտրական գործընկերն է, և դա լավ է, սակայն մենք կարծում ենք, որ գերմանական ձեռնարկությունների համար ավելի մեծ հնարավորություններ կան այստեղ արտադրություն կազմակերպելու, ընդ որում՝ մի քանի պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ այստեղից շատ ավելի դյուրին է ռուսական շուկա մտնելը, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Հայաստանը և Իրանը շատ լավ հարաբերություններ ունեն, ուստի կարելի է արտադրել այստեղ և գուցե արտահանել նաև Իրան,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր ու մեկուսացած երկիր լինելով` մի շատ կարևոր առավելություն ունի. լավ հարաբերություններ մեջ է Իրանի հետ և անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

Մենք փորձում ենք օգտվել դրանից, դեռևս անցյալ շաբաթ ես հանդիպեցի գերմանական մի ընկերության ղեկավարի հետ, որը լրջորեն մտածում է այստեղ ներդրում կատարելու և արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Մենք կհետևենք արդյունքներին,- ընդգծել է դիվանագիտական ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ Vesti.am: