Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Recearch Lab-ի եւ HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների եւ երիտասարդների շրջանում։ Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը եւ իր մասնակցությունն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության եւ տիեզերական հետազոտությունների բնագավառում։

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ «Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ»-ի նպատակն է ձեւավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների եւ տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տիեզերական հետազոտությունների եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը։ Այս մրցույթն աննախադեպ հնարավորություն է նրանց գաղափարները գործնականում ուսումնասիրելու, փորձարկելու եւ դրանք կյանքի կոչելու համար»,- նշել է HaYTech  կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը։

Հայաստանում տարիների շարունակ գործում են բազմաթիվ ռոբոտաշինության խմբակներ։ Նրանցից ոմանք մի շարք միջազգային մրցանակների են արժանացել։ Այժմ ժամանակն է փորձարկել նրանց տիեզերքում։

«Քեմուրջյանի ավան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելի քան երբեք։ Իսկ մեր համար առավել եւս կարեւոր է դա ցույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլեւ գործով եւ իրենց իսկ մասնակցությամբ։ Նրանք են լինելու մեր զարգացող երկրի սեփական տիեզերագիտության ոլորտի առաջատարները. Քեմուրջյանները, Իոսիֆյանները…։ Նման բացառիկ հնարավորությունը շատ ոգեշնչող է եւ չափազանց հետաքրքիր»,- ասել է Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր Հայկ Մարտիրոսյանը։