Հասարակական տրանսպորտի ոլորտում ներդրվում է օպերատորների միասնական համակարգ՝ ՀՀ մարզերի բոլոր առանց բացառության համայնքները սպասարկելու համար։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

Նա պարզաբանեց, որ բոլոր համայնքների եւ մեկ մարզի միջեւ միասնական երթուղին կսպասարկի մի ընկերություն: Միասնական օպերատորի ներդրումը, նրա խոսքով, կբարձրացնի շահութաբերությունը, ինչը կխրախուսի ընկերություններին սպասարկել նաեւ այն երթուղիները, որոնց առանձին սպասարկումը ձեռնտու չէ։

Սողոմոնյանն ասաց, որ մինչ այդ մրցույթ էր հայտարարվել Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում օպերատորների ներդրման համար։ «Կոտայքի մարզում հաղթել է «ՄուլտիՏրանսպորտ» ընկերությունը, որն արդեն գնել եւ բերել է տրանսպորտային պարկի մեծ մասը (110): Մնացած մասը (40) շուտով կլինի Հայաստանում։ Բոլոր ավտոմեքենաների արժեքը կազմել է 5 միլիոն դոլար։ Սա առաջին մարզն է, որտեղ կներդրվի միասնական օպերատորի համակարգ, որը պետք է սպասարկի բոլոր համայնքներին առանց բացառության։ Հաղթող կա նաեւ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, որն արդեն մեքենաներ է ձեռք բերել, որոնք շուտով պետք է շահագործման հանձնվեն։ Արմավիրի մարզի Արմավիրի շրջանում, ինչպես նաեւ Արարատի մարզում դեռ հաղթողներ չկան»,- հավելեց նա։

Պաշտոնյան նշեց, որ շուտով Արագածոտնի, Շիրակի, Տավուշի մարզերում նույնպես մրցույթ կհայտարարվի, աշխատանք է տարվում ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։

Երեւան-Չարենցավան եւ Ալափարս-Չարենցավան երթուղիների տոմսերի թանկացումը պաշտոնյան բացատրեց բոլոր բաղադրիչների թանկացմամբ։ «Փոխադրողներն իրենք են որոշում ուղեվարձը։ Սա նրանց իրավունքն է։ Ինչ վերաբերում է զեղչային համակարգին, ապա դա նույնպես ընկերության իրավունքն է, նա ցանկության դեպքում կարող է ճկուն քաղաքականություն վարել»,- եզրափակեց Խաչիկ Սողոմոնյանը։