Հայաստանում թուրքական կապիտալը միշտ եղել է։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որպես օրինակ նա նշել է անշարժ գույքի ոլորտը։ Կոնկրետ թվեր իմանալու համար նախարարը լրագրողներին կոչ է արել գրավոր հարցապնդմամբ դիմել համապատասխան գերատեսչություն։ «Հայաստանի տնտեսությունը միշտ, բացի 2021 թվականից, բաց է եղել Թուրքիայի համար։ Հայ առեւտրականները 10 տարի առաջ էլ գործընկերային հարաբերությունների մեջ էին իրենց թուրք գործընկերների հետ»,- նշել է նա։

Քերոբյանը պարզաբանել է, որ ներկա պահին չի մշակվում օրինագիծ՝ թուրքական ընկերությունների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ձեռքբերումը թույլ չտալու նպատակով։ «Մեր խնդիրն է չփակել տնտեսությունը որեւէ մեկի առջեւ, այլ ուժեղացնել այն եւ բարձրացնել մրցունակությունը։ Մենք դրանով զբաղվում ենք եւ զբաղվելու ենք։ Օրինակ, վերամշակող արդյունաբերության աջակցության տեսքով, սարքավորումների գնման համար վարկերի տոկոսների սուբսիդավորման ճանապարհով»,- եզրափակել է նա։