Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում սահմանեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կարիքների համար ռելսեր ձեռք բերել մեկ անձից գնման մեխանիզմով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Ըստ այդմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից կառավարությունը կգնի 4300 մ ռելսեր, որի որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։

«Բացի այդ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա է 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք է բերել 2014թ. մարտին՝ 4400 գմ: Դրանք տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018թթ.. ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել՝ չնայած միայն 2020-2021թթ.. ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ:

Ուսումնասիրելով դրսի շուկան՝ պարզվել է, որ ռելսերի արժեքը ոչ պակաս է 37000 դրամից 1 մետրի համար։ Միաժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին р-50 տեսակի 4300 մ խմբաքանակի ռելսերի մատակարարման անհամեմատ ցածր գին՝ 141 միլիոն դրամ, որոնց մատակարարումը կարող է իրականացվել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օր, ինչը կարևոր նշանակություն ունի օր առաջ փոխարինման ենթակա ռելսերը փոխարինելու և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»  – նշված է հիմնավորման մեջ։