Ներկա գլոբալիզացիոն գործընթացների պայմաններում անչափ կարևոր է, որ մենք կարողանանք ունենալ մեր ամուր տեղը արտաքին շուկայում: Անդամագրվելով ԵԱՏՄ` մեր առջև բացվել է հիանալի հնարավորություն, օգտագործելու այդ շուկայի ընձեռած հնարավորությունները: Սակայն, զուտ անդամագրումը, դա դեռ միայն հնարավորությունն է, այլ ոչ ինքնին կատարված փաստ: Իսկ հնարավորությունները կյանքի կոչելն ու տեսականից գործնականի վերածելն արդեն կախված է մեզանից, մեր քայլերից ու նախաձեռնություններից: Եթե այդ ամենին գումարենք մեր աշխարհագրական դիրքը, որը Եվրոպային ու Ասիային կապող յուրահատուկ օղակ է, ապա կարելի է համարել, որ մեր հնարավորությունները կրկինապատկվում են: Եթե դարեր առաջ մեր աշխարհագրական դիրքը համարվում էր անառիկ բերդ ռազմական առումով, ապա ներկայումս դա կարող է վերափոխվել տնտեսական ու բիզնես հիանալի հարթակի: Բացի այդ, հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, երբ շատ երկրներ ունեն խնդիրներ ուղղակի հարաբերման, Հայաստանը կարող է վերածվել ոչ միայն կամրջակի, այլ ստանձնել միջնորդ երկրի դերակատարում: Դա ոչ միայն օգուտ կբերի մեր տնտեսական զարգացմանը, այլ կհաղորդի նաև քաղաքական կշիռ: Մեր անդամագրումը ԵԱՏՄ և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների օրըստօրե ընդլայնումը, մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել, զարգացնել ու օգտագործել, որպեսզի կարողանանք ներկայացված լինել երկու շուկաներում նույնպես ու նպաստենք այդ երկու շուկաների շահեկան հարաբերմանը: Այս առումով, անչափ կարևոր է 2017թ.-ի հոկտեմբերի 5-ից 7-ը, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ անցակցվելիք Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը: Առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը: Այն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ Կառավարության ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ: Համաժողովին աշխատանքները համակարգելու է «Ռոսկոնգրես» հիմնադրամւ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ԵԱՏՄ երկրների կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից: Անհնար է չնկատել համաժողովի մասնակիցների բազմաշերտությունն ու աշխարհագրական սփռվածությունը: Բացի սեփական արտադրանքը այլ շուկաներ ներկայացնելու հնարավորություններից, բացի կազմակերպիչների կողմից մատնանշված կոնկրետ նպատակներից, այն է՝ բժշկական արդյունաբերություն և Եվրասիական տարածքում արտադրական ինտեգրացիա, Եվրասիական տարածքում ոսկերչական իրերի արտադրություն և սպառման շուկաների ընդլայնում, համագործակցություն թեթև արդյունաբերության ոլորտում, արտադրական ինտեգրացիա, համագործակցություն ռադիոէլեկտրոնիկայի, կապի և ՏՏ ոլորտում, վստահաբար կարելի է ասել, որ աշխատանքների ու քննարկումների արդյունքում կնշմարվեն համագործակցության նոր եզրեր, ինչպես նաև համաժողովը հավելյալ խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում և հակառակը: Նյութի աղբյուրը` YN.am