Եվրոպական տնտեսական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին կարծում է, որ Եվրամիությունը պետք է բանակցի Ռուսաստանի հետ բնական գազի գնման շուրջ։ Նման կարծիք նա հայտնել է երկուշաբթի գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում։

«Առաջարկ կա, որպեսզի ԵՄ երկրները միասին բնական գազ գնեն։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է Ջենտիլոնին: Ընդ որում, նա ընդգծել է, որ Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համատեղ ձեռքբերման հարուստ փորձ ունի, սակայն գազի մատակարարումները, նրա կարծիքով, «COVID-19-ի դեմ պատվաստում չեն»։

«Եւ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը Pfizer [ամերիկյան ընկերություն] չէ: Մենք պետք է բանակցենք Հյուսիսային Աֆրիկայի երկրների, Նորվեգիայի եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ»,- վստահ է Ջենտիլոնին։ «Մեզ միասնական եվրոպական դիրքորոշում է անհրաժեշտ այլ երկրների նկատմամբ, բայց դա համատեղ գնումների վերածելն ակնհայտ չէ»,- եզրափակել է նա։